Գյումրիում դեռ 96 տնակային ավան կա, 2858 ժամանակավոր կացարան. գյուղերում անօթեւանն է ընտրում պետությունից ինչ ստանալ |armtimes.com|

armtimes.com:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում ավարտել է տնակների հաշվառման գործընթացը: Համաձայն ստացված ամփոփ տվյալների, ներկա պահին Գյումրիում առկա է 2858 ժամանակավոր կացարան: Դրանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի նախնական տվյալների, 700-ից 800-ը քարաշեն են, 300 տնակ ընդհանրապես փակ է: Կան նաեւ տնակներ, որոնք տարածքից հեռացված չեն, քանի որ դրանց տերերը ժամանակին «Լինսի» հիմնադրամով եւ «Մուշի» թաղամասում բնակբաշխման ժամանակ ստացել են բնակարաններ, սակայն մինչ օրս չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները: Այս մասին հանձնաժողովականները խոսել են Գյումրու «Երկխոսության մեդիա ակումբ»-ում կազմակերպված քննարկման ընթացքում:

«Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել է, սակայն ասել, որ ձեռք բերված թվերը բացարձակ հստակ են, ճիշտ չէ»,- նկատում է աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: «Հավատացեք, էսքան լարված ու նվիրված աշխատանքից հետո էլի վեճ կա այն հարցում՝ ճշգրիտ տվյալներ ունե՞նք, թե՞ չունենք: Ես ասում եմ՝ 2200, մեր կենտրոնի տվյալն եմ ասում, իրենք ասում են՝ չէ, 2012: Սրանից բացի կադաստրն էր ինչ-որ հաշվարկներ արել եւ անճշտություններ կային: Սրա պատճառով եղավ առաջարկ այդ մեկ տարվա աշխատանքը նորից սկսելու: Բայց այդպես հնարավոր չէ: Պետք է մի կետում կանգնել ու սկսել գործել, հետո հստակեցնել: Թե չէ, որ ասենք, եկեք ազգային փրկության ծրագիր կազմենք, հետո նոր գործենք, սխալ է: Էդ ազգային փրկության ծրագիրը հնարավոր է առաջիկա 100-150 տարին կազմենք: Բայց ժամանակն անցնում է, ու անընդհատ նոր պահանջներ ու խնդիրներ են ի հայտ գալիս: Հիմա վարչապետն ասում է պետք է տեսնենք, թե պետությունն ու՞մ նկատմամբ ունի պարտավորություն: Քաղաքաշինության կոմիտեն էլ, որպես փորձառու, ասում է՝ ոչ մեկի, քանի որ անօթեւանների հերթացուցակում հաշվառված շահառու չունենք: Եվ հիմա, թե ինչքա՞ն գումար է պետք աղետի գոտում անօթեւանության խնդիրը լուծելու համար, այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում այնպես, ինչպես հետաքրքրում էր ծրագրի սկզբում: Դրա մասին նույնիսկ խոսակցություն չկա, որովհետեւ այդ խնդիրն ամբողջովին լուծելու միտք էլ չկա: Սկզբում կային ակտիվ մարդիկ, որոնք խոսում էին 60 մլն դոլարի մասին, հիմա որ հաշվարկվեց ու թիվը եռապատկվեց, էլ հստակություն չկա»,- հավելեց Թումասյանը:Կադաստրային մարմնի կողմից հայտնաբերված անճշտությունները կապված են եղել Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացված թվերի հետ: Քաղաքապետարանն, ըստ կադաստրի, 800-ով ավելի տնակի թիվ է ներկայացրել: Շիրակի մարզպետարանի պատասխանատուն ասաց նամակ գրել, կադաստրից այդ տվյալները պահանջել են: «Մենք Շիրակի մարզպետի հանձնարարականով իրենցից պահանջեցինք այդ ավելի տնակների տվյալները: Ասացին ծրագրային խնդիրներ կան, հնարավոր չէ: Բայց մեզ 2 թաղամասի քարտեզագրում, այնուամենայնիվ ուղարկեցին: Դրանք մենք համեմատեցինք Գյումրու քաղաքապետարանի ունեցած նույնաբովանդակ փաստաթղթի հետ, որն ուղարկվել էր կադաստր, որեւէ տարբերություն չարձանագրվեց»,- ասաց մարզպետարանի քաղշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:Բացարձակ ճիշտ կամ դեռեւս ճշգրտման կարիք ունեցող մոտավոր թիվ, այնուամենայնիվ ֆիքսել է վարչապետի հանձնարարականով ստեղծած հանձնաժողովը: Բայց թե առաջիկայում Գյումրիում անօթեւանության խնդիրն ի՞նչ ճանապարհով է լուծվելու, անհայտ է: Տարբերակները քննարկման փուլում են: Վահան Թումասյանն ասում է պետք է սկսել փակ դռներից: Շիրակի մարզպետարանի պատասխանատուն դեմ չէ տնակները քանդելու առաջարկին, սակայն ասում է՝ լուրջ վտանգ է այն պարունակում: Թումասյանը եւս վտանգավոր է համարում գործողությունը, սակայն պնդում է՝ անհրաժեշտություն է: «Ասենք գնացել ենք եւ հանձնաժողովը որոշել է տնակը քանդել: Էդ տնակում հնարավոր է մի երկու իր լինի, տերը մեկ էլ գա, դատի տա, թե անտիկվար շկաֆս ո՞ւր ա կամ վնասվել է: Շատ բարդ հարց է սա: Կարծում եմ, պետք է լինի հանձնաժողով, որը կգնահատի այդ փակ դռներով տնակի ամբողջական արժեքը՝ սկսած ներսի գույքով եւ ամեն մանրուք հաշվի առնելով, էդ գումարը տիրոջ անունով բացված հաշվին քցենք, տնակը քանդենք, տարածքը հեռացնենք»,- ասաց Վահան Թումասյանը:


Գյումրին տնակներից ազատելու միակ միջոցը նաեւ բնակարան ստացողի ետեւից անմիջապես տնակի քանդումն է: Սա նաեւ երաշխիք է, որ այդ բնակչից հետո մեկ ուրիշը չի գա եւ չի հաստատվի տնակում: Այս կերպ նաեւ կբացառվի տնակի վաճառքը կամ վարձակալությամբ տրամադրելը: Ներկա պահին Գյումրիում դեռեւս 96 տնակային ավան կա: Միակը, որն ամբողջությամբ կարելի է վերացված համարել, կլինի Բարեկամության այգու տնակային ավանը, եթե եւս 2 տնակ հեռացվի տարածքից:

Գյումրեցի անօթեւանների համար բնակարաննե՞ր կկառուցեն, թե՞ Բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կտրամադրեն, դեռ պարզ չէ: Փոխարենը որոշակի հստակություն կա գյուղական համայնքների անօթեւանների դեպքում: Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի 4 համայնքի՝ Ախուրյանի, Հացիկի, Գետքի եւ Քեթի 14 անօթեւանի տրվել էր ԲԳՎ: Գյուղական մյուս բնակավայրերի անօթեւանների համար այս փուլում բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ կառաջարկվի: Նրանք, ովքեր ունեն կիսակառույցներ եւ դրանց շինարարությունն ավարտին հասցնելու ցանկություն կունենան, կստանան գումարային փոխհատուցում, մյուսներին կրկին կտրվեն ԲԳՎ-ներ, որպեսզի ձեռք բերեն բնակարաններ: Խոսքը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 148 անօթեւան ընտանիքի մասին է:

«Մի քանի ամիս առաջ մենք բոլորին ծանուցում էինք ուղարկել, գնացել մեկ-մեկ հարցրել ենք ԲԳՎ են ուզոմ, թե ցանկանում են, որ տուն կառուցվի: 148-ից 90-ն ուզեցին ԲԳՎ, մնացածն ուզեցին տուն կառուցել: Հիմա, որ արդեն հնարավոր է, որ հենց վկայագրերը տրվեն, նորից նույն հարցումն արեցինք նույն 148 մարդու հետ: Նույն թերթիկները տարանք, մարդը գրեց, որ ուզում է վկայագիրը, համայնքի ղեկավարն էլ կնիքը խփեց: Մինչեւ մենք նախնական հարցում չանենք, ոչինչ չենք առաջարկում, իսկ առաջ ուրիշ ձեւի էր, մենք գրում էինք, բայց կառավարությունն այլ բան էր որոշում: Ոնց որ եղավ Մարալիկի շենքը, նախագիծը եկավ՝ ազատ բնակարանները հանձնել համայնքի ղեկավարին, բայց կառավարության որոշումը եղավ ազատ բնակարանները հանձնել ՊՆ-ին: Իսկ հիմա մարդն ինքն է որոշում, թե պետությունն իրեն ինչ տա»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Այստեղ, սակայն մեկ խնդիր կա: Անօթեւանին տրվող վկայագրի արժեքը հաշվարկվում է կադաստրային մարմնի ցուցիչով: Ներկա պահին Շիրակի մարզում բնակարանների շուկայական գներն աճել են, սակայն կադաստրային գինը՝ իջել: Եթե նախկինում 3 սենյականոցի համար վկայագրով հատկացվում էր 7 մլն 100 հազար դրամ, այսօր արդեն նախագծով հաշվարկվում է 6 մլն 100 հազար դրամ: Ըստ պատասխանատուների, ճիշտ կլիներ վկայագրի արժեքը շուկայական գներով հաշվարկվի, որպեսզի անօթեւաններն իսկապես կարողանան բնակարաններ գնել եւ հրաժարվել իրենց ժամանակավոր կացարաններից:

x