Կան հայտնի քրգործեր, որոնցով անցնում են գեներալներ. մի՞թե չենք պայմանավորվել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Ասում են` Փաշինյանը թուլացնում է բանակն ու գեներալիտետը: Այո, կան հիմա քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց մի՞թե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար»,- ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան բոլորիդ հայտնի քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Դա գաղտնիք չէ, բայց մենք մի՞թե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:

Միթե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձեւավորվել զինվորականների նկատմամբ:

Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց իմ նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի ստորագրությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ: Օրինակ՝ կապի զորքերի հրամանատարը, հակաօդային պաշտպանության զորքերի պետը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, Հրթիռային զորքերի եւ հրետանու պետը, Երրորդ բանակային կորպուսի հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովը, դարձյալ իմ որոշմամբ ու նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ:

Վերջին որոշման հետ կապված էլ տասնյակ վերլուծություններ արվեցին, նա Յուրի Խաչատուրովի որդիհն է, բայց գնահատվել է նրա աշխատանքը որպես զինվորական: Վերականգնվել է նաեւ Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը՝ իմ նախաձեռնությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը եւ տեղի գեներալիտետին, Պաշտպանության բանակին և հավելեց, որ առաջիկայում մանրամասն կխոսի այն մասին, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունն առհասարակ հատկացրել Արցախի կառավարությանը:

x