ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում 

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Սկսեմ մեր խորհրադվոր անծանոթի գիշերվա բերած իրից․ իրականում ոչ մի արտասովոր բան չէր բերել՝ մի քանի թմբլիկ պուրի։ Երբ առավոտյան տեսանք այդ պուրիները, դա մեզ համար իսկական նվեր էր, որը հավեսով ըմբոշխնեցինք, հետո տնկեցինք «Արդարության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը։

[Սոնա Մնացականյան] Առավոտյան գնում եմ համալսարան, կեսօրին դաս ունեմ, հետո հանդիպումներ ուսանողների հետ։

[Վահան Կոստանյան] Ապրիլի 5-ի առավոտյան ճամբարականները, հերթական ծառը տնկելուց հետո, սկսեցին քայլել: Նախորդ օրվա քաղաքական մինիպայթյունից հետո թվում էր՝ հանդարտվել է մթնոլորտը: Իսկ միևնույն ժամանակ Երևանում մերժիրսերժինենք քաղաքական աժեոտաժը սկսել էին դնել թեթև շոգեխաշման ռեժիմի վրա՝ հայցելով առատաձեռն քաղաքացիների օժանդակությունը ՍՍ-ին բարեկեցիկ թոշակով ապահովելու համար:

[Թագուհի Ղազարյան] Այսօր ծրագրած դրամահավաքն է: Նախ որոշել էինք երեք տարբեր տեղերում միաժամանակ դրամահավաք անել՝ Երրորդ մասի մետրոյի մոտ, Երիտասարդական մետրոյի մոտ և Կասկադում: Հետո որոշեցինք, որ լուսաբանման համար ավելի նպատակահարմար կլինի մի տեղում հավաքվելը: Առանց այն էլ լրատվական օկուպացիայի մեջ ենք, և միայն մեկ-երկու լրատվական են հետևում մեր ակցիաներին:

Վերցնում եմ ամիսներ շարունակ բանկայում հավաքածս 10 և 20 դրամանոցներն ու գնում շրջանային: Հարցերին հումորով մոտենալը դարձել է շարժման սկզբունքը: Հումորը օգնում է լիցքաթափվել, օգնում է ներգրավել մարդկանց՝ չեզոքացնելով ռեժիմի նկատմամբ վախը:

[Արմեն Գալջյան] Փաշինյանն ուղիղ եթերով ընթերցում էր մեր քայլարշավի կազմակերպման համար նվիրատուների ցանկը։ Շատերն, այդ թվում՝ մենք, մինչև շարժումը սկսելը մտածում էինք, որ հեղափոխություն անելու համար պետք է մեծ գումարներ ունենալ։ Հաճախ մտածում էին՝ որտեղից մեզ բավարար չափով գումար, բայց, երբ գործելու ժամանակն եկավ, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով գումար հավաքեցինք։

Հիմա նայում եմ ուղիղ եթերը և տեսնում, որ ես ընդամենը 8000 դրամ եմ նվիրաբերել, ու ծիծաղս գալիս ա, չնայած, մեզ Սորոսի հետ կապողները դժվար հավատան պատմության այս հատվածին, բայց դե ինձ ինչ։

[Արամ Թարվերդյան] Վարկիս հերթական մուծման օրն էր, մտքումս անընդհատ պտտվում էր՝ «քայլ արա՝ մուծիր վարկդ» կարգախոսը։ Օրվա երկրորդ կեսին գնացի աշխատանքի:

[Թագուհի Ղազարյան] Այսօրվա ակցիան անվանել ենք «Օգնիր Սերժին գնալ թոշակի»: Դրամահավաքը մասնակցային գործընթաց է: Բացի այն, որ մենք, ըստ էության, հիմա կազմակերպել ենք «անլուրջ» ակցիա, որին մասնակցելը վախենալու չէ, մենք նաև կազմակերպել ենք ակցիա, որին կարելի է մասնակցություն ցույց տալ՝ առանց լուրջ ռեսուրս ներդնելու՝ շատ ժամանակ, մեծ գումար, աշխատանքից ազատվելու կամ ազատազրկվելու ռիսկ: Բացի այդ, դա նաև ինչ-որ վիճակագրական իմաստ ուներ: Գրեթե յուրաքանչյուր անցորդը որոշում էր իր լուման ներդնել Սերժ Սարգսյանի հեռացման գործում:

«Ցողունային բջիջների խյուս»-ի և «Թարս աճած խիյարի կոմպոտ»-ի բանկաներին նայելիս միայն երևում է, որ մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք: Նիկոլ Փաշինյանը ճանապարհից հարցազրույց է տալիս ինտերնետային ալիքներից մեկին ու կոչ անում բոլորին մասնակցել մեր դրամահավաքին: «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունները դեռ չեն միացել, բայց փոխադարձ սոլիդարությունը անմնացորդ պահպանվում է: Նախաձեռնությունների «պաշտոնապես» միանալուց առաջ նախ պիտի դեռ մեր կարգախոսները միանային և դառնային հեղափոխության կարդախոսը՝ #ՔայլԱրաՄերժիրՍերժին:

[Վահան Կոստանյան] ՔՊ-ում արդեն իսկ կար ընկալումը, որ ճանապարհը մերժիրենց հետ միասին պիտի անցնենք, ու Երևանում եղած ժողովուրդը միացավ երիտասարդականի մոտ նախատեսված ակցիային, որտեղ պիտի ՍՍ-ի դեմքով բուկլետը բաժանվեր դրամահայթայթման դրամատիկական զարգացումների ֆոնին: Եթե չեմ սխալվում, առաջին օրն էր, որ Երևանում սկսեցինք էդ թռուցիկի բաժանումը:

Ուսանողների առաջին հերթից տուն գնալու ժամն էր, երիտասարդականի մետրոյի շրջակայքը ահագին մարդաշատ էր, բայց շատ քչերն էին թռուցիկ բաժանում: Առաջիկայում երկու միջոցառում կար նախատեսված՝ մեկն ապրիլի 9-ին, իսկ մյուսը 13-ին, երբ քայլարշավը կհասներ Երևան: Ու թեթև մրցակցություն կար փոքր խմբերի մեջ. մի մասն առաջին միջոցառումն էին ավելի ջիգյարով գովազդում, մյուսները՝ երկրորդը: Էս ընթացքում տարբեր ընկերներ բարձրախոսում տքնում էին մի քոռ ավել կոպեկ հավաքել: Արտասանում էին, խնդրում, օրինակ ծառայում, որ մարդիկ գումար հանգանակեն: Էս գործում իրեն հավասարը չուներ Լևոն Բարսեղյանը: Մի կին էլ կար ահագին գումար էր կոպեկով բերել տալիս էր տարբեր անցորդների ու ստիպում, որ բերեն գցեն կոպեկը:

Մեր քաղաքացիների ֆանտազիան, իհարկե, էստեղ էլ աշխատեց, հանգանակում էին սիգարետից, կրակայրիչից սկսած մինչև բրիտանացի գիտնականների՝ վերարտադրությունը կանխող պրակտիկ ատրիբուտներ: Քայլելով գնացինք Կասկադ, շարունակեցինք ակցիան ու ցրվեցինք:

[Անի Վարդանյան] Քննության էի։ Դասախոսս հարցնում էր, թե ինչ եմ պատրաստվում անել։ Զարմացել էր, որ չեմ երևացել դեռ քայլարշավին։ Կուրսում մարդիկ կային, որ դասախոսի բացած խոսակցությունից իմացան, որ երկրում ինչ որ իրադարձություններ են կատարվում։

[Արամ Թարվերդյան] Աշխատանքային օրը գործնական էր անցնում, հիմնականում լայվերը նայելու և ծխելու ընդմիջումներով: Նման ընդմիջումներից մեկը տպավորվել է․ կանգնած ենք տնօրենիս՝ Սուրենի հետ ու լուռ ծխում ենք, մեկ էլ․
Սուրենը - լսի, մի բան կա անելու, մինչև 13-ը հասցրու անել, անպայման,
ես - ինչի՞ 13-ը,
Սուրենը - դե 13-ից գործի չես գալու մեկ ա,
ես- Ինչի՞, ազատում ե՞ս աշխատանքից
Սուրենը - այ մարդ չէ, դե մեկ ա գիտեմ, որ չես գալու, երբ էս ցույցի ժամանակ գործի եկել, որ հիմա գաս։ Դե էս էլ չգիտես՝ ինչքան կտևի, դրա համար էլ գոնե գործերդ կարգի բեր՝ նոր։

Հետաքրքիր պահ է, երբ հասկանում ես, որ մարդիկ ունեն քո մասին պատկերացում, և իրենք արդեն որոշել են, որ դու մեկ է չես գալու աշխատանքի, ու որ տնօրենդ դա հանգիստ է ընդունում, և անգամ մի տեսակ կարծես հենց էդպես էլ պետք է լինի, ու քեզ կարծես գոտեպնդի (դուխ տա), թե բա՝ գնա։

Այդ պահից սկսած մի տեսակ ինձ դելեգացված էի զգում, կարծես ես պայքարում էի ոչ միայն իմ, այլ ամբողջ Skynet-ի անունից։ Այ էսպես մոտս առաջացավ կոռպոռատիվ պատասխանատվությունը, որը հետո էլ գործի մեջ շատ պետք եկավ...))

[Սոնա Մնացականյան] Երեկոյան կողմ Վահրամի հետ իջնում ենք Հյուսիսային պողոտա՝ ինտերնետի մեր հին փաթեթից հրաժարվելու ու նոր պայմանագիր կնքելու։ Մինչև բոլոր փաստաթղթերը կպատրաստեն, ես նկատում եմ, որ բոլոր աղջիկների եղունգները նույն գույնի ա քսած։ Վահրամի ուշադրությունը հրավիրում եմ, ինքն էլ միանգամից հարցնում ա դրա մասին մեզ սպասարկող աղջկան․ պարզվում ա՝ հատուկ պահանջ ա։

Ժամը 6-ին պարապմունք ունեմ տանը Թամթայի ու Ջերըմիի հետ։ Պարապմունքն ուրախ ա անցնում։

[Թագուհի Ղազարյան] Մի կատակ ունենք, երևի Արմենն է հորինել, բայց բոլորս կրկնում ենք՝ հավաքական հեղինակային իրավունք սահմանելով դրա վրա: Ասում ենք՝ Սերժը 8 օր վարչապետ չի լինելու: Հիմա պետք է մենք էդ 8-ը շրջենք ու դարձնենք հավերժության ∞ նշան: Ընդհանրապես, ամեն ինչ համեմված է հումորով:

[Անի Վարդանյան] «Ռեստրատում» էլի քննարկումներ էին՝ միանալու ենք, թե չէ։ Ես էլի կտրականապես դեմ էի։ Հիշում եմ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպել Չարենցի այգում։ Սանասարյան Դավիթն էր խոսում ուսանողների հետ։ Ես նույնիսկ դեմ էի, որ «Ռեստարտը» պաշտոնապես մասնակցի էդ իվենթին։

Առանձին-առանձին խմբերով, իհարկե, մասնակցեցինք։ Քայլարշավի ուղիղ եթերին էլի հետևում էի։ Ճիշտն ասած չեմ հիշում, թե ինչ էի մտածում, բայց միանալու ցանկություն ընդհանրապես չունեյի։ Ավելի ճիշտ, դեռ չէր հասունացել էն պահը, որ պետք է միանայի։

[Արմեն Գալջյան] Ճամբար խփեցինք Ֆիոլետովո գյուղի մոտ։ Ես ֆիզիկապես արդեն գոյություն չունեի, մրսել էի, երևի նույնիսկ տաքություն ունեի և ես չգիշերեցի ճամբարում՝ չնայած ուզում էի մնալ, բայց ընկերներս խորհուրդ տվեցին այսօր գնալ տուն։

[Միքայել Նահապետյան] Հասանք Համզաչիման։ Ասեցին շատ եք գնացել` հետ դառանք։ Անտառի փեշին մի տեղ, որ ոչ էն է ամառանոցային, ոչ էն է ֆերմերային թաղամաս էր, ճամբար էին խփել։ Դավոյան Արփին համով-համով բաներ է հյուրասիրում, ասում են անակնկալ էլ կա. էդ կողմերի երաժիշտներն էին գալու։

[Թագուհի Ղազարյան] Օրվա վերջում դրամահավաքի արդյունքները տանում ենք Բաղրամյան 26՝ Սերժին հանձնելու: Բարեկամության մետրոյի մոտ Սիմոնյան Հասին եմ տեսնում, հաճելի է հարազատ անցորդ տեսնելը, ասում եմ՝ չե՞ս մասնակցում մեր դրամահավաքին: Հասը մեզ մի տեսակ անհասկանալի արարածների պես է նայում: Առանց այդ էլ բոլորովին վերջերս իմ ու Միքոյի «պատճառով» պրոբլեմների մեջ է ընկել: Բայց երկար չի մտածում: Դրամահավաքի տեսքից երևում է, որ շատ մասնակցային է եղել գործընթացը: Իր բաժին 20 դրամանոցը գցում է «թարս աճած խիյարի կոմպոտի» մեջ ու հաջողություն մաղթում:

Ոստիկանական մի հսկա պատ է շարված Բ26-ի առաջ, որպեսզի մեզ չթողնի մոտենալ և 10, 20 դրամանոցները հանձնել Սերժ Սարգսյանին: Զվարճալի է ու ողբերգական միաժամանակ:

[Արմեն Գալջյան] Իհարկե, շատ հաճելի էր 6 օր դաշտային պայմաններում քնելուց հետո քնել քո հարմարավետ և տաք մահճակալին, բայց մի տեսակ սրտնեղած էի, որ ես հիմա կոմֆորտի մեջ եմ, իսկ ընկերեներս՝ ոչ, բայց վստահ էի, որ ճամբարում հիմա մթնոլորտն ավելի ուրախ է, քան իմ սենյակում, հատկապես, երբ տեսա, որ նրանց միացել են մոտակայքում ապրող երաժիշտները։

[Միքայել Նահապետյան] Քեֆ-ուրախության ամենաթեժ պահին առանձնացանք Սուրենի ավտոմեքենայում զրուցելու` Նիկոլը, Սուրենը ու ես։ Խոսում ենք պատգամավորների բակեր այցելելու գաղափարից․ Նիկոլն ասում է, որ ազատ մարդ չի մնացել թիմում, խնդրում է՝ մենք զբաղվենք հասցեները ճշգրտելով։

Մի քիչ էլ քննարկում ենք Երևանում ընթացող գործերը, մամուլն ու մյուս խմբերին ու բաժանվում։

Մինչև կեսգիշեր հանում եմ բոլոր պատգամավորների գրանցման հասցեները, որ հետո ճշգրտենք, թե ով որտեղ է փաստացի բնակվում։

[Վահան Կոստանյան] Իսկ այդ գիշեր արագաչափերի կնքամայր Լալայանը շատ պատահաբար որոշեց արագաչափերին ամոթով թողնել:

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 7] Գիշերն առաջին գրաֆիտիներն ենք անում

x