Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի հանրությունների միջև․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, նշեց․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:

Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:
Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար:

Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:  
Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:

Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:

Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

Սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը Ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:

x