Հայաստանում աշխատող ուսանողների գերակշիռ մասը չունի աշխատանքային պայամանագիր գործատուի հետ․ ուսանող

Լուսանկարը՝ Էլլա Նահապետյանի

Օրերս ներկայացվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծը, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն են։ Նախագծի շուրջ համացանցում ակտիվ քննարկումներ սկսեցին՝ կողմ և դեմ կարծիքներով։

Տեղյա՞կ են արդյոք նախագծից, ի՞նչը կփոխեին և ի՞նչ առաջարկներ ունեն՝ կապված նախագծի հետ․ այս և այլ հարցերի մասին խոսել ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների հետ։

«Նախագիծը բավականին ակտուալ է ու անհրաժեշտություն հայաստանյան իրականությունում։ Այն կխթանի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակի աճին»-ասում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Ալեքսանդր Մարտիրոսյանը, ով ուսումը համատեղում է աշխատանքի հետ։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախագծը՝ որոշ մտահոգություններ էլ ունի․ «միևնույն ժամանակ կարող է նպաստել ուսանողների՝  ստացիոնար համակարգից հեռակա անցմանը կամ ստացիոնար բաժնում սովորողների աշխատանքի ձեռբերմանն ու զուգահեռ զբաղվածության աճին, հետևաբար նաև կրթության որակի նվազմանը»։ Ըստ Ալեքսանդրի, այս դիտարկումները սուբյեկտիվ են, քանի որ նախագիծը խորությամբ ուսումնասիրելու, հստակեցնելու կարիք կա։

Վերջինիս մտահոգությունը նախագծի իրականացման հետ փոխկապակցված մեկ այլ խնդրի է վերաբերում․ «կա նաև իրավական կարգավորման լուրջ խնդիր Հայաստանում, որի թիրախում մասնավորապես ուսանողական տարիքի երիտասարդներն են։ Հայաստանում աշխատող ուսանողների գերակշիռ մասը չունի աշխատանքային պայամանագիր գործատուի հետ, ինչի արդյունքում գործատուն հարկ չի վճարում պետությանը և, հետևաբար, աշխատող ուսանողը չունի եկամտահարկ, որը կփոխհատուցվեր՝ որպես ուսման վարձ»։ 

Ալեքսանդրը կարծում է, որ նախ և առաջ պետք է չգրանցված աշխատողի ինստիտուտը կազմալուծել, ստեղծել աշխատանքային իրավունքների պաշտպանական մեխանիզմներ․ «այս դեպքում գործընթացի մեջ կարելի է ներգրավել նաև ԿԳՆ-ին և ուսանողի համալսարանին՝ ազդեցության մեխանիզմները խստացնելու նպատակով։ Շատ կարևոր է օրենսդրական նախագծերում հաշվի առնել նաև դրա կիրարկման հնարավորություններն ու արդյունավետությունը՝ ներառյալ ռիսկերը և դրանց հաղթահարման մեխանիզմները»,-ասում է նա՝ հավելելով, որ ինքն էլ որպես ուսանող պատրաստ է ներգրավվել օրենսդրական նախագծի բարեփոխումներին ուղղված քննարկումներին և դրա ադապտացմանը Հայաստանի սոցիալական, կրթական և տնտեսական իրավիճակին։

Սուսաննա Ղազոյանը սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Անգլերեն և հաղորդակցություն մասնագիտացմամբ։ Նա ևս կրթությունը համատեղում է աշխատանքի հետ՝ աշխատելով հենց համալսարանում։

«Մեզ մոտ տրամադրվում է աշխատանք՝ ուսումնառությանը զուգահեռ։ Այսինքն՝ երբ ուսանողը սովորում է, նաև կարողանում է աշխատել։ Աշխատանքը հիմնականում իմ մասնագիտությամբ է՝ հաղորդակցության հետ է կապված»,-նշում է Սուսաննան։ 

Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծի գաղափարին Սուսաննան ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում։ Կարծում է, որ այն կխթանի ավելի շատ երիտասարդ աշխատուժ ունենալուն, ինչպես նաև կնպաստի, որ ուսանողներն ավելի մեծ աշխատանքային փորձ կուտակեն․ «Ավարտելուց հետո ավելի հեշտ կլինի ստաբիլ աշխատանք գտնել, քան երբ նոր ավարտում ես, բայց քեզնից արդեն երեք տարվա աշխատանքային փորձ են ուզում»,-ասում է նա։

Նրա խոսքով, բացասական ազդեցությունն էլ չի բացառվում։ Կարծում է՝ երբ ուսանողն իր ժամանակը աշխատանքին տրամադրի, գուցե դասերը երկրորդ պլան մղվեն։ «Բայց նաև այստեղ պրակտիկայի հարցը կա։ Այսինքն՝ ուսանողը ստացած գիտելիքը կօգտագործի պրակտիկայում, որն էլ ստացած կրթությանն ավելի մեծ նշանակություն կտա»,-շեշտում է Սուսաննան։ Իսկ կոռուպցիոն ռիսկերի մասին չի ուզում կանխատեսումներ անել, քանի որ, ըստ նրա, դրանք ամեն տեղ են հնարավոր։ 

Նրա կարծիքով նախագիծը կարելի էր փոփոխել, լրացնել․ «Ուսանող կա, որ անվճար է սովորում, բա այդ դեպքում, եթե աշխատում է, եկամտահարկը ու՞ր է գնալու։ Դա կարելի է փոխհատուցել՝ որպես կրթաթոշակ կամ ամսական ինչ-որ վճար»,-եզրափակում է Սուսաննան։

x