Փողոցաշինական աշխատանքների դանդաղեցման հարցում մեղքի մեծ բաժին ունեն կապի, ջրի, լույսի օպերատորները. Նախկին փոխմարզպետ |hetq.am|

 Մեկ տարի առաջ Գյումրիում սկսված փողոցաշինության աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2018թ․ ապրիլից ղեկավարում էր Գյումրու քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը: Շիրակի մարզպետարանում կատարված կադրային փոփոխություններից հետո խմբի ղեկավարման առաջարկ արվեց նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանին:

«Գյումրու քաղաքապետի առաջարկով, տարածքային եւ զարգացման նախարարության համաձայնությամբ, առավել ընդգրկուն աշխատանքային խումբ ձեւավորելու նպատակով է դա եղել: Տարածքային նախարարությունից եղել է առաջարկ ինձ նշանակել խմբի ղեկավար: Ես ղեկավարումը ստանձնել եմ օգոստոսի 13-ից ու աշխատել մինչեւ դեկտեմբեր ամիսը», - պարզաբանում է Արա Մելիքջանյանը:

Դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, նախկին փոխմարզպետի լիազորությունները դադարեցնելուն զուգահեռ, Արա Մելիքջանյանը հրաժարվել է նաեւ վերահսկող աշխատանքային խմբի ղեկավարումից:

«Անցած տարվա դեկտեմբերից ես դե ֆակտո այդ խմբի ղեկավարը չեմ, բայց որ բացում ես Գյումրու քաղաքապետարանի կայքն, այնտեղ տեղադրված որոշումով ես դե յուրե շարունակում եմ ղեկավարել արդեն իսկ գոյություն չունեցող խումբը:

Որքան գիտեմ, մինչեւ օրս աշխատանքային նոր խումբ չի ձեւավորվել եւ նոր ղեկավար չի նշանակվել, - նկատում է Արա Մելիքջանյանը, - դե ձմեռվա ամիսները հաշվի առնելով՝ խմբի անգործությունը պիտի բնական դիտվեր, քանի որ աշխատանքներ էլ չէին ընթանում, սակայն ապրիլից պետք էր առաջացած բացը լրացնել»:

Խոսելով 2018թ․ օգոստոսից-դեկտեմբեր կատարած վերահսկողական աշխատանքների մասին, Արա Մելիքջանյանը նկատում է, որ փողոցաշինական աշխատանքների դանդաղ ընթացքի ու առաջացած թերությունների համար մեղավորներ փնտրելիս շատ հաճախ թիրախավորվում են ոչ այն կառույցները, որոնք իսկապես ունեն մեղքի բաժին:

«Հստակ կարող եմ ասել, որ այդ ամենում մեղավորության չափաբաժնով ամենավերջին տեղում քաղաքապետարանն է, թեպետ, չգիտես ինչու, հենց այս կառույցին են առաջին պլան բերում, երբ խոսքը գնում է թերացումների մասին: Քաղաքապետարանն անգամ գումարների հետ գործ չունի՝ ամբողջն իրականացվում է ՎԶԵԲ-շինարարական կազմակերպություն,ՎԶԵԲ-օպերատորներ համատեքստում:

Շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկում է մրցույթն անցած «Ճաննախագիծ» ինստիտուտը, որն այս ծրագրի դեպքում համ նախագծողն է, համ տեխնիկական հսկողություն իրականացնողն, ինչպես նաեւ հեղինակային հսկողություն իրականացնողը: Եվ հիմնական պահանջներն էլ պետք է ներկայացնել հենց այս կազմակերպությանը», - նկատում է նախկին փոխմարզպետը:

Ըստ Արա Մելիքջանյանի՝ քաղաքի գլխավոր փողոցները ծայրից ծայր քանդելը, շինարարական աշխատանքների դանդաղումն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված մի շարք չնախատեսված հանգամանքներով:

Զրուցակցիս պնդմամբ, մրցույթը շահած շինարարական կազմակերպությունները վստահ են եղել, որ մինչեւ անցած տարվա վերջ ստանձնած պարտավորությունները կատարելու են եւ փողոցները հանձնվելու են շահագործման: Բոլոր տեսակի խնդիրները ծագել են նախագծային անհամապատասխանության հետեւանքով:

«Կոմունիկացիաների պատասխանատուների ներկայացրած գծագրերը, քարտեզները, որով պետք է առաջնորդվեին շինարարները՝ շատ հաճախ չէին համապատասխանում իրականությանը: Ասենք տված է, որ տվյալ փողոցի վրա պիտի 70 սմ փորեն, 20 սմ փորելուց հետո մալուխ կկտրեր, բայց ըստ գծագրի էդտեղից մալուխ չպիտի անցներ:

Բնականաբար շինարարը դադարեցնում է աշխատանքը, հետո օրերով սպասում, որ վթարը վերացվի, էդ ընթացքում վերանայվում են նախագծերը՝ եղավ, որ ժամանակն անտեղի կորավ: Անընդհատ խնդիրներ է լինում «Վեոլիա ջրի» հետ: Գերցեն փողոցում, ոչ շինարարի մեղքով, վթար եղավ, սխալ նախագիծ էին տվել, 3 օր բնակիչները ջուր չունեին, չէինք կարողանում ջրմուղի աշխատողներին բերեինք, որ վթարը վերացնի, շինարարն էլ գործը շարունակի եւ նմանատիպ այլ դեպքեր նաեւ մյուս օպերատորների հետ»,-նկատում է զրուցակիցս:

Ավելին՝ hetq.am-ում

x