Թուրքիան սպառազինության ծախսերի ծավալով աշխարհում 15-րդ տեղում է |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2018թ․ տարբեր երկրների կողմից սպառազինության ոլորտում կատարված ծախսերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ նախորդ տարում ընդհանուր առմամբ զինամթերքի համար աշխարհում ծախսվել է 1․822 տրիլիոն դոլար։ Դա կազմում է համաշխարհային համախառն եկամտի 2․1 տոկոսը։

Զեկույցի համաձայն՝ սպառազինության համար ամենամեծ գումարները ծախսում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանն ու Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում այս ոլորտում կատարվող ծախսերի շուրջ 60 տոկոսը։ Առաջատարների շարքում հերթականությամբ տեղ են գտել Ռուսաստանը, Անգլիան, Գերմանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան, Ավստրալիան և Կանադան։ Թուրքիան զենք-զինամթերքի համար կատարած ծախսերի ծավալով 15-րդն է աշխարհում։

Արձանագրվել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներն այս ոլորտում ծախսում են ընդհանուր 963 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ծախսերի 53 տոկոսը։

Թուրքիան 2018թ․ 24 տոկոսով ավելացրել է սպառազինությանը հատկացվող գումարը՝ այն հասցնելով 19մլրդ դոլարի։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ 2014-2018թթ․ Թուրքիայից զենքի ու զինամթերքի արտահանման ծավալները 2009-2013թթ․ համեմատ ավելացել են 170 տոկոսով։

2014-2018թթ․ Թուրքիայի ներկրած զինամթերքի 60 տոկոսի մատակարարը եղել է ԱՄՆ-ն։ Զինամթերքի 17 տոկոսը ներկրվել է Իսպանիայից, 13 տոկոսը՝ Իտալիայից։

x