Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում. Դավիթ Խաժակյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին |news.am|

news.am: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը կատարվել է անհամաչափ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Միջին եւ ստորին օղակների աշխատավարձերը միջինում բարձրացել են 25–30 տոսկոսով, մինչդեռ քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվել է 100 տոկոսով»,– ասաց Խաժակյանը։

Խաժակյանի կարծիքով՝ քաղաքապետարանի հաստիքացուցակները ուռճացված են։
«Ես ուզում եմ հասկանալ, քաղաքապետին յոթ խորհրդական ինչո՞ւ է պետք, քաղաքապետին չորս օգնական ինչի՞ն է պետք։ Ես այս թվերը համեմատում եմ, ասենք, վարչապետի աշխատակազմի հետ. վարչապետն ունի վճարովի հինգ խորհրդական եւ օգնականների թիվը չեմ հիշում՝ երկուսը կամ երեքը։ Քաղաքապետը որոշել է, որ ինքը պետք է ունենա չորս օգնական։ 1998 հաստիք էր, երբ մենք «Ելք» խմբակցությամբ եկանք քաղաքապետարան, եւ ասեցինք՝ ուռճացված է, մեր ամբողջ խմբակցությամբ դեմ քվեարկեցինք, հիմա Հայկ Մարությանը բերել է 2124.5 հաստիք ու ասում է՝ սա օպտիմալն է»,– ասել է Խաժակյանը։

Խաժակյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր խորհրդականին հասնում է գործավար, մեքենա, վարորդ, որը նույնպես մեծ թիվ է կազմում քաղաքի համար։

«Փաստորեն, ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ նախագահը, ՊՎԾ պետը ստանալու են ավելի ցածր աշխատավարձ, քան, օրինակ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»,– ասաց Խաժակյանը։

Խաժակյանի հաշվարկով՝ այս փոփոխությունը քաղաքի բյուջեն էականորեն մեծացնելու է։

«Քաղաքի վրա այս բեռն ավելանում է 2 միլիարդ դրամով։ Օրինակ, 2 միլիարդ դրամով քաղաքում կարելի էր իսպառ լուծել այս պահին եղած չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման խնդիրը, որովհետեւ 1 շենքը կարելի էր կառուցել 1.5 միլիարդ դրամով, միանգամից այդ գումարը տալ ու սկսել նոր շենքը կառուցել, այդ մարդկանց չորրորդ կարգի շենքերից վերաբնակեցնել»,– ասաց Խաժակյանը։

Ավագանու անդամի խոսքով՝ անհամաչափ է հատկապես թաղապետարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ թաղապետն ունի կրթական ցենզ։

Ասում են՝ թաղապետը հայեցողական պաշտոն է, 
«Թաղապետերի աշխատավարձը կրկնապատկել են, եթե ոչ ավելի։ 780 հազար դրամ է կազմել այն պարագայում, որ նույնիսկ չեն ընդունում, թեորի վրա մեկ սահմանափակում կա, 25 տարեկանը լրացած լինի ու այդ թաղապետի աշխատավարձը սահմանում են 773 հազար դրամ։ Թաղապետի տեղակալինը, որ ընդհանրապես, որեւէ ցենզ սահմանված չէ՝ ո՛չ կրթական, ո՛չ տարիքային, հայեցողական պաշտոն է, մի ստորագրությամբ կարելի է նշանակել 668 հազար դրամ... Բյուջեի մսխումն էլ ո՞նց է լինում... Քաղաքապետն ամբողջ օրը թմբկահարում էր, որ ես պրեմիա չեմ ստանում, ես պրեմիա չեմ ստանալու, դե, փաստորեն, կարելի է սպասել մի քիչ եւ նշանակել քեզ ՀՀ վարչապետի չափ աշխատավարձ՝ 1.200.000 դրամ, կրկնապատկելով աշխատավարձը»,– ասաց Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը. քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով:

x