Ցանկացած բանակցություն, ի վերջո, պատերազմից լավ է․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները ժամանակի անիմաստ կորուստ են, քանի որ որևէ արդյունք չեն տալիս, Ադրբեջանն էլ մտադիր չէ գնալ խաղաղության ճանապարհով։

«Ադրբեջանը շատ բանի կարող է չուզենա գնալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք մեր ջանքերը»,- Արցախում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա տեղյակ է, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում ժամանակ առ ժամանակ սադրանքներ են լինում, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ 2-3 տասնամյակ է՝ սահմանին լարվածություն կա։

«3 տասնամյակ է բանակցություններ կան, որոնք որևէ էական վերջնարդյունք չեն տվել, սա նշանակո՞ւմ է, որ պետք գնահատենք որպես անիմաստ գործընթաց և դադարեցնենք։ Պետք է ջանքերը շարունակել, փորձել քաղել հայանպաստ լուծումներ։ Ամենակարևորը՝ չմոռանանք, որ ցանկացած բանակցություն, ի վերջո, պատերազմից լավ է»,- շարունակեց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է քննարկվել ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև, Արարատ Միրզոյանն ասաց, որ կարող է խոսել միայն իր ունեցած հանդիպումների օրակարգից։

«Այսօր հանդիպել եմ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, քննարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը, որը կայանալու է մյուս շաբաթ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

x