396 միլիոն դրամ՝ պետական բյուջեի ծախսակազման ավտոմատացված համակարգի համար |hetq.am|

hetq.am: Ֆինանսների նախարարության կողմից օգտագործվող համակարգերի տեղեկատվության ռեզերվային արխիվացման, պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացման համար հատկացվեց 396 միլիոն դրամ: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին։

Ինչպես նշվում է որոշման նախագծում, 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև կնքվել է համաձայնագիր։ Դրանով ՌԴ-ն պարտավորվել է Հայաստանին անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել՝ պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու, նախարարության պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու ծառայությունների ձեռքբերման համար:

Այդ պայմանագրի կատարումը և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները նախատեսվում էր իրականացնել մինչև 2018 թվականի ավարտը, սակայն, այդ ծառայությունների ամբողջական մատուցումը չի հաջողվել իրականացնել սահմանված ժամկետներում։

Այդ պատճառով ծառայությունների մատուցման և դրանց դիմաց վճարումների կատարման ժամկետները համաձայնագրով երկարացվել են և իրականացվելու են այս տարի։

x