Մարզային գրադարանների բյուջեն վերջին տարում կրկնապատկվել է. Վահե Բուդումյան

ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի հետ զրուցել ենք գրադարանների, դրանց գործունեության հետ կապված քաղաքականության, ոլորտում առկա խնդիրների և այլ հարցերի շուրջ։

-Մոտավորապես քա՞նի գրադարան կա այժմ Հայաստանի Հանրապետությունում և դրանցից ո՞րոնք են գործում Մշակույթի նախարարության ենթակայությամբ։

Պաշտոնական տվյալներով, այս պահին գործող մի քանի հարյուր գրադարան կա, որը բավականին քիչ է, եթե նկատի ունենանք, որ նախկինում գրադարանների թիվը՝ նույն տվյալների համաձայն, շատ ավելին էր։ Վերջին մի քանի տարվա ընթացում համայնքներում հարյուրավոր գրադարաններ են փակվել․ ենթադրաբար դրանք առավելապես գյուղական գրադարաններն են։ Պատճառներից մեկը համարում ենք համայնքների խոշորացման գործընթացը կամ դրա հետ կապված խնդիրները։

Պատկանելությամբ կամ ենթակայությամբ դասակարգվող տարբեր տիպի գրադարաններ կան․

Համայնքային գրադարաններ։ Սրանք համայնքապատկան գրադարաններն են։ Ենթակա են տեղական ինքակառավարման մարմիններին՝ համայնքի ղեկավարությանը, ինչը նշանակում է, որ գրադարանային գործունեության կազմակերպման ողջ գործընթացը համայնքի ղեկավարության պատասխանատվության տակ է։ Դրա մեջ ներառված են նաև գրքային ֆոնդի համալրումը, աշխատակազմի ձևավորումը և այլն։ 

Մարզային գրադարաններ։ Այս գրադարանները գործում են Մշակույթի նախարարության ենթակայությամբ։ Դրանք տասն են։ Այս գրադարաններից յուրաքանչյուրը նախարարության քաղաքականությունը տեղում իրականացնող մարմին է, որը նաև մեթոդական առումով համակարգում է տվյալ տարածքի բոլոր համայնքային գրադարանները։

Այլ գրադարաններ։ Սրանից բացի կան նաև այլ գրադարաններ, օրինակ՝ Ազգային գրադարանը, Խնկո Ապոր մանկական գրադարանը՝ Երևանում, որոնք Մշակույթի նախարարության ենթակայության տակ են և այլն։  

Գրադարանների տեսակները և դրանց սահմանումները ավելի մանրամասն տրված են Գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքում։

-Ինչպես նշեցիք, գրադարանների մեծ մասը գործում են Մշակույթի նախարարության ենթակայությունից դուրս։ Այդ դեպքում ինչպե՞ս է լուծվում տվյալ գրադարանների՝ գրականությամբ համալրելու խնդիրը․ ի՞նչ անելիքներ ունի այստեղ նախարարությունը։

Այո, նշեցի, որ համայնքային գրադարանների դեպքում նախարարությունը գրքային ֆոնդով համալրելու ուղղակի պարտավորություն չունի․ այդ պարտավորությունը համայնքի ղեկավարության վրա է։ Մարզային գրադարանների դեպքում Մշակույթի նախարարությունը պետք է պարբերաբար ապահովի գրքերով համալրումը, և այս համալրման անընդհատության սկզբունքը ամրագրված է նաև օրենքով։ Սա վերաբերում է բոլոր գրադարաններին։ 

«Երբեմն մաշված գրքերը շրջանառությունից չենք հանում, որովհետև փոխարինող գրքեր չկան»․ գրադարանի աշխատակից >>>

Բայց կարևոր է նկատի ունենալ, որ Մշակույթի նախարարությունը պատասխանատու է գրադարանային ոլորտի քաղաքականության համար՝ առհասարակ։ Սա նշանակում է, որ, օրինակ, այս ոլորտի հետ կապված օրենքների մշակումը և դրանից բխող իրավակարգավորումները Մշակույթի նախարարության իրավասության տիրույթում են։ 
Մշակույթի նախարարությունը, հասկանալով, որ գրադարանների համալրման խնդիրը սուր և վատթար վիճակում է, վերջին շրջանում փորձել է գրադարանների համալրման ակտիվացման հետ կապված քայլեր ձեռնարկել։ Դա արվել է երեք եղանակով։

Համալրման բյուջեի կրկնապատկում։ Մարզային 10 գրադարանները, որոնք Մշակույթի նախարարության ենթակայությամբ են գործում, ունեն բյուջե, որի միջոցով համալրում են իրենց գրքային ֆոնդը։ Այդ գրքերը գնում են ըստ ընթերցողական պահանջարկի։ Ընթերցողների կողմից նշված այն գրքերը, որոնք չկան գրադարանի պահեստում, ցանկավորվում են և գնվում գրադարանի կողմից։ 

Այդ բյուջեն բավականին փոքր է։ Եթե հետևենք վերջին տարիների վիճակագրությանը, առհասարակ գրադարանային բյուջեն աստիճանաբար նվազել է։ Եվ ուրեմն, խնդիր կար առաջին հերթին մեծացնելու այն գումարը, որը տրվում էր գրադարաններին, որպեսզի նրանք կարողանան իրենց կարիքների համար գրքեր գնել։

Մարզային գրադարանների բյուջեն վերջին տարում կրկնապատկվել է և հավասարեցվել։ Մենք սա համարում ենք փոքր քայլ, որովհետև բյուջեն կրկնապատկելը ամբողջովին բավարար չէ սեփական ընթերցողական պահանջարկը բավարարելու համար։ Սակայն որպես մեկնարկ, իհարկե, վատ չէ։

Պետք է նկատի ունենալ, որ մարզային գրադարաններից մեկը, օրինակ, տարվա ընթացքում կարող էր  ընդամենը մի քանի տասնյակ գիրք ձեռք բերել, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գրքերի թիվը մի քանի հազար է՝ մինչև երեք հազար։ Սա պաշտոնական տվյալներով։ Այսինքն՝ սրանք այն գրքերի թիվն է, որոնք ստանում են միջազգային ստանդարտ` ISBN կոդավորումը։ Տպագրվող այս ամբողջ գրքերի քանակությունից, որը գրադարանը տեսականորեն պարտավոր է ընթերցողին տրամադրել (կամ գոնե մի մասը, որը կհամարի առավել պահանջված), ընդամենը չնչին՝ մի քանի տասնյակն էր կարողանում ապահովել։

Այժմ բոլոր մարզային գրադարանները միջինում 200 գիրք կարող են գնել, թեև պրակտիկայում շատ ավելին են ձեռք բերում, նաև ի հաշիվ իրենց արտաբյուջեի։

2019թ․-ի առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն, օրինակ, Կոտայքի մարզային գրադարանը համալրման առաջատարն էր և երեք ամսում 309 գիրք էր ձեռք բերել։

Գրքերի բաշխում։ Գրքերը բաշխելը ևս գրադարանների համալրման խնդրի լուծման տարբերակներից մեկն է։ Ազգային գրադարանում՝ պահեստներում, ի պահ էր տրված ահռելի քանակությամբ գրականություն, որը տարիների ընթացքում հրատարակվել էր պետական միջոցներով։ Մասնավորապես՝ «Գրականության հրատարակում» և «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրերի շրջանակներում, որոնք հայտնի են որպես պետպատվեր և պետաջակցություն։

Այս գրքերի քանակությունը պատկերավոր ներկայացնելու համար պետք է ասել, որ այն կհերիքի Հայաստանի մի քանի գրադարաններ ամբողջությամբ համալրելու համար, նույնիսկ՝ Երևանի գրադարանների դեպքում։ Օրինակ՝ Ազգային ժողովի գրադարանը մոտ 10000 գիրք ունի, Շենգավիթում գրադարան կա, որ 20000 գիրք ունի։ Իսկ այստեղ խոսքը 80000 գրքի մասին էր։

Եվ ուրեմն, խնդիր կար նաև այս գրքերը բաշխելու մարզային ու համայնքային գրադարաններին, սակայն մենք նկատի ունեցանք նաև մշակութային բոլոր հաստատությունները, որտեղ գործում են գրադարաններ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների, զորամասերի գրադարանները, իհարկե նաև դպրոցական գրադարանները։

Հիմա այս բաշխումը ընթացքի մեջ է, այս պահին երեք խոշոր ուղևորություններ են տեղի ունեցել և մոտ 25000 կտոր գիրք արդեն բաշխված է։ Ուղևորություններից մեկը եղել է Արարատի մարզ, որտեղ տարել ենք 4000 գիրք, Արմավիրի մարզ նորից մոտ 4000 կտոր գիրք է գնացել, մոտ 4000-5000 գիրք գնացել է Էջմիածնի գրադարան՝ էլի Արմավիրի մարզ։ Նոր խմբաքանակն արդեն կուղևորվի Սյունիք։ Բայց սրան զուգահեռ այլ համայնքային գրադարաններից և այլ կառույցներից էլ են գալիս, գրքեր վերցնում ։

Պետական պատվեր և պետական աջակցություն։ Համալրման երրորդ տարբերակն այն ծրագրերն են, որոնք արդեն հիշատակեցի՝ պետական պատվերը և պետական աջակցություն։ Պետական պատվերն այժմ վերափոխվել և կոչվում է գրքերի գնում, ինչը նշանակում է, որ պետությունը նույն բյուջեի շրջանակում այսուհետ կարող է  հրատարակչություններից, այսինքն բոլոր սուբյեկտներից, ովքեր իրականացնում են հրատարակչական գործունեություն, գրքերի հայտեր ստանալ և, Գնումների մասին օրենքի համաձայն, վերջում գնում կատարել և այս ամբողջ ստացված գրականությունը նորից փոխանցել գրադարաններին։

 -Մարզային գրադարանների մեծ մասում նոր տպագրված գրքերի և ժամանակակից գրականության բացակայության խնդիր կա։ Ի՞նչ լուծումներ կան այս առումով։

Գրքերի գնում պետության կողմից։ Արդեն նկարագրեցի բոլոր եղանակները, որոնցով գրադարանները գրքեր են ստանում։ Պետք է նկատի ունենալ, որ դրանցից առաջինը ենթադրում է, որ գրադարանը ելնում է իր համայնքի, իր ընթերցողների պահանջից և այդ պահանջի համաձայն է գրքերը ձեռք բերում։ Այսինքն` դրանք գրքերն են, որոնք ընթերցողը ուզել է, բայց պահեստում չեն եղել կամ քիչ են եղել։

Իհարկե, գրականության դեպքում հարցը մի փոքր բարդ է, որովհետև շատ դեպքերում դրանք գրքեր են, որոնք տեսականորեն չեն կարող պահանջվել, քանի որ նոր են հրատարակվել։ Այս խնդիրը ենթադրաբար պետք է լուծվեր գրքերի գնման շրջանակում, որի դեպքում նախարարությունը պարտավորություն ուներ միայն նոր գրականություն գնել․ սա գործող, ընթացիկ ծրագիր է։

Գրքերի գնում գրադարանի կողմից։ Մյուս դեպքերում, երբ գրադարանն ինքն է գնում գրքեր կամ բաշխվածներն են հասնում գրադարաններ, դա կարող է լինել 4 կամ 5 տարվա գրականություն։ Գրքերի գնման դեպքում դրանք առավելագույնը մեկ-երկու տարվա են, ինչը պարտադիր պայման է։ Ընդ որում, այդ ծրագրի շրջանակում սահմանված են ուղղություններ, և գրքերի հայտերն ընդունվում են ըստ այդ ուղղությունների։ Այս ուղղությունները, իհարկե, չունեն ժամանակակից գրականության թեմատիկան․ դրանք մշակութակրթական գրքերն են, հոբելյանական գրականությունը և այլն։ 

Փաստորեն, Ժամանակակից գրականությունը գրադարաններին հասցնելու  տարբերակներից մեկն այն է, որ գրադարանն ինքը այդ գրքերը գնի, ինչը շատ խրախուսելի է։

-Ամփոփելով՝ ընդհանուր առմամբ, ի՞նչ հիմնական խնդիրներ կան գրադարանների գործունեության հետ կապված։

Գրադարանային ոլորտում խնդիրները բավականին շատ են և տարբեր։ Մի կողմից ունենք արդիական, թվայնացման նորագույն տեխնոլոգիաները որդեգրած գրադարան, մյուս կողմից կան գրադարաններ, որոնք ամենատարրական շենքային, տեխնիկական պայմաններ կամ համալրման համար բյուջե չունեն։ Կան գրադարաններ, որոնք շատ հաճախ ուղղակի շենք չունեն կամ չունեն պատշաճ գրքային ֆոնդ։ Իրենց գործունեությունն իրականացնելու տարրական պայմանների խնդիրներ դեռ ունեն։ Բայց սրա հետ մեկտեղ կա Ազգային գրադարանը, որ պարբերաբար համալրվում է նորագույն տեխնիկայով, իրականացնում է թվայնացման բազմաթիվ ծրագրեր, ունի էլեկտրոնային կատալոգներ և այլն։

Այս իմաստով գրադարանները բևեռացված են։ Երևանի գրադարանները, հատկապես՝ գրադարանները, որոնք Մշակույթի նախարարության ենթակայությամբ են գործում, գյուղական համայնքներում, մարզերում գործող գրադարանների համեմատ բավականին լավ վիճակում են։

Համալրման խնդիրը։ Այս խնդիրն, իհարկե, միշտ առաջին հերթին եմ նշում։ Կարծում եմ, որ համալրման խնդիրը ամենաօրհասականն է։ Սրա մասին արդեն խոսեցինք։

Նյութատեխնիկական բազայի խնդիրը։ Սա որպես երկրորդ խնդիր կնշեմ։ Գրադարանները պարբերաբար պետք է համալրվեն տեխնիկայով, որովհետև տեխնիկայի բնույթն է ուղղակի այդպիսին, որ անընդհատ նորոգման, փոփոխության կարիք ունի․ ժամանակի պահանջն է։

Մշակույթի նախարարությունը իրականացնում է մի ծրագիր, որը հնարավորությունների առումով, իհարկե, համեստ ծրագիր է։ Այդ ծրագրի շրջանակում համայնքային գրադարանները կարող են հավատարմագրվել որպես հանրային գրադարան և ստանալ նյութատեխնիկական բազայի համալրում, գրքային համալրում․ սա պետական ծրագիր է։

Կադրային բազայի խնդիրը։ Սա ևս պետք է համալիր կերպով ընկալել։ Պետք է լինի որակյալ կրթական բազա՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մատուցվող որակյալ ծրագրեր, որոնք կձևավորեն բարձրորակ մասնագետների, որոնք էլ իրենց հերթին ցանկություն կունենան աշխատելու այդ ոլորտում։ Մենք այս պահին էլ ունենք բավականին փորձառու, բանիմաց կադրեր, բայց, ցավոք, այդ կադրերի համալրման խնդիրը բավականին թերի է ընթանում, և շատ դեպքերում նույնիսկ՝ ղեկավար պաշտոնների մակարդակով, որոնք բավականին հեռու են գրադարանային գործից։ Իսկ գրադարանային գործը լուրջ բան է, և ցանկացած մեկը չէ, որ կարող է այն իրականացնել։

Հ․Գ․ Հիշեցնենք՝ Վահե Բուդումյանը հայտնել է, որ մայիսի 15-ից ազատված է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։

Մարգարիտա Ղազարյան

 

x