34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34.8 մլն դրամ գումար կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովման համար:

Կառավարության 2018 թվականի որոշմամբ, կրթության և գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն դրամ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։

Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12 մլն դրամի պայմանագիրը, որի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավա­գույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթա­թոշակ­ներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։

Հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40.5 մլն դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.8 մլն դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով:

x