Ավագ խմբերի երեխաներն այսուհետ կարող են հաճախել մանկապարտեզ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Նա նշել է, որ խոսքը 9700 երեխաների մասին է: «Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:

Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

x