Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն. Քոչարյանի պաշտպանների հայտարարությունը |aysor.am|

aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք են նկատել:

«Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է Ձեզ վրա և Դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում», - նշեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝ մյուս պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին ինքն իմացել է որպես տեղազննում:

«Այն, որ այդտեղ պետք է տեղի ունենա բախում, պարոն Քոչարյանը չի իմացել: Եվ որպես փաստարկ բերել ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից մի կտոր, մի հատված և ասել, որ այդ հանդիպմանն ասել եք՝ կարող է բախում լինի… Իհարկե, կարող է բախում լինի ոստիկանների հետ, դա ոչ մեկ չէր կարող բացառել», - հայտարարեց Օրբելյանը:

Այնուհետև փաստաբանն անդրադարձավ մեղադրող կողմի այն հայտարարություններին, թե 113 մլն դրամ ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին վարձատրելու վրա, Օրբելյանն ասաց. «Սասուն Խաչատրյանը, երբ ասուլիսում այդ մասին հայտարարեց, ցույց էր տալիս Պաշտպանության նախարարության տեղեկագիր: Եթե ուզում ես մի բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթ չես կազմում ու պաշտոնական փաստաթուղթ չես արխիվացնում: Իսկ մենք հետո կքննարկենք ու կհասկանանք՝ ինչ կապ ունեն այդ գումարները պարոն Քոչարյանի հետ»:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրացրեց՝ նշելով, որ այդ գումարները չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, նախապես:

«Դրանք բաժանվել են հետագայում, արտակարգ դրության ժամանակ ծառայություն իրականացրած զինվորներին: Դա ներկայացվում է որպես շատ բացասական երևույթ: Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ, կխնդրենք չշահարկել այդ հանգամանքը», - հավելեց Խուդոյանը:

x