Կառավարությունում լուրջ քննարկման թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am։ Կառավարությունում լուրջ քննարկման թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը, այսօր «Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենիշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ, այո, երկու օր առաջ այդպիսի առաջին լուրը հայտնվեց, որ Յուքոմ ընկերությունը նման նախաձեռնությամբ հանդես է եկել: Եվ ես տեղյակ եմ նաև, որ այս ուղղությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում:

Եվ սա առաջին ծիծեռնակն է: Մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման ու թափանցիկության հարցերով և փորձենք նաև բորսա հանել արժեթղթերը, ինչը կքաջալերի ընկերություններին»,- նշեց Փաշինյանը: Ըստ նրա՝ սա կարևոր է և ընկերությունների համար, և քաղաքացիների:

Ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ստանալու այլընտրանքային աղբյուր են ստանում, բացի բանկերից, իսկ քաղաքացիներն էլ ներդրումներ անելու այլընտրանքային աղբյուր են ստանում:

Ըստ վարչապետի՝ երբ կառավարությունը գոհունակությամբ ներկայացնում է թվեր, որ ավանդները բանկերում աճում են, քաղաքացիները սկսում են քննադատել, թե մարդիկ ներդնելու ուրիշ տեղ չունեն, պարզ է, պետք է բանկերում դնեն: Հետևաբար, հարցին նման ճանապարհներով պետք է լուծում տալ:

x