Պետությունն ինքը, ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու․ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեցին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը իր ելույթում նախ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարատադությունը և անդրադարձավ դրա գործիքակազմին։

Աննա Վարդապետյանի ելույթը ամբողջությամբ․

«Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը»

֊Հարգելի գործընկերներ, բարի լույս։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժամանակը շատ քիչ է և սահմանափակված են իհարկե նաև օրակարգով, ես մի քանի հարցադրումների կանդրադառնամ միջազգայի իրավական կարգավորումների լույսի ներքո և կաշխատեմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել հարցերին և դրանց պատասխաններին։

Պարոն Միրզոյանն իր ելույթը սկսեց այն հարցադրումից, թե ինչ է անցումային արդարադատությունը։ Շնորհակալ եմ պարոն Միրզոյան այդ հարցի համար և ուզում եմ ելույթս սկսել հենց այդ հարցից։ Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ են հնչում, տարբեր հարթակներում տարբեր անձինք տարբեր փորձագիտական տեսակետներ են արտահայտում, բայց միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունը ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի ֆորմացիայից, մի իրավիճակից դեպի մյուսը։

Ես հատուկ չեմ օգտագործում որևէ քաղաքական ձևակերպում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ գործիքակազմը առավելապես իրավական է, գործիքակազմը առաջին հերթին նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների։

Անցումային արդարադատության մասին խոսելիս շատ հաճախ, այդ թվում իրավաբանները, քաղաքագետները նշում են, որ խոսքը գնում է պատերազմական պետությունների մասին, արյունահեղությունների մասին և, չգիտես ինչու, մոռանում են լսել, որ զանգվածային խախտումները կարող են լինել ոչ բռնությամբ դրսևորվող, կարող են լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ զանգվածային խախտումներ, որոնք ի վերջո բերեն հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների նվազեցմանը, առանձին դեպքերում նաև արժեզրկմանը։

Այս պատճառով, պետությունն ինքը, ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու։ Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է և պարտավորված է բոլոր գործիքները հատ֊հատ կիրառել։ Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու համար այն ինստիտուցիոնալ բացը, որ ինքը ունի։

Եվ այս առումով պետք է ի նկատի ունենալ, որ ՀՀ֊ի ենթատեքստում մենք երկու լուրջ միջազգային իրավական հարթակ ունենք, որտեղ ունենք իրավական չափանիշներ և նորմեր, որոնց պետք է հետևենք, առաջին հերթին դա ՄԱԿ֊ի չափանիշներն են և երկրորդը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշները։ Շատ հաճախ հնչող կարծիքներում իրավաբանները փորձում են տարանջատել, թույլ կտամ ինձ ասել, սեպ խրել մարդու իրավունքների եվրոպական դատարանի եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ֊ի անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փաստաթղթերի միջև։

Կարծում եմ այս մոտեցումը ամբողջական չէ։ Եթե մի կես դար հետ գնանք և հիշենք, թե ինչ պայմաններում է ձևավորվել Եվրոպայի խորհուրդը, ինչ պայմաններում է ձևավորվել Ստրասբուրգի դատարանը, ինքներս մեզ կպատասխանենք՝ անցումային, երբ որ ամբողջ Եվրոպա մայրցամաքը անցում էր կատարում դեպի ժողովրդավարություն, երբ որ վնասված ժողովրդավարական արժեքները վերականգնելու խնդիր ուներ։

Եվ այսօր փորձել տարանջատել և ասել, որ անցումային արդարադատությունը Եվրոպայի խորհրդին հակասող, Եվրոպայի խորհրդի չափանիշներին հակասող գործիք է, նշանակում է անտեսել այս պատմական անցյալը։

Հաջորդ հարցը, որ կցանկանայի անդրադառնալ, պարոն Միրզոյանը այդ հարցը ևս բարձրացրեց՝ ո՞րն է նպատակը, ինչու՞։

Առաջին հերթին պետք է նշել, որ անցումային արդարադատությունը էլի, անընդհատ չվկայակոչեմ, անընդհատ չհիշեցնեմ, միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման և ոչ թե կոնֆրոնտացիայի գործիք։ Անցումային արդարադատության բոլոր գործիքները միտված են մի բանի՝ հասարակությանը բերել հաշտեցման, եթե հասարակության մեջ կա դիսոնանս, եթե հասարակության մեջ կա, աստված մի արասցե, առճակատում։ Եվ այս առումով յուրաքանչյուր գործիք, որ մեկնաբանվում է անցումային արդարադատության պետք է մեկնաբանվի այ էս լույսի ներքո, ի վերջո՝ հաշտեցման։

Ձեր թույլտվությամբ համառոտ կանդրադառնամ գործիքներին, քանի որ հաջորդիվ զեկույցներում ավելի մանրամասն այդ գործիքների մասին խոսվելու է, և արդեն կանցնեմ հարցերի պատասխանի փուլին։

Անցումային արդարադատության գործիքակազմը հստակ սահմանված է՝ առաջին հերթին դրանք քրեական մեղադրանքներն են, երկրորդ հերթին վեթինգ շատ հաճախ հնչող տերմինն է մեր իրականության մեջ՝ գնահատման գործընթացն է։ Ցավոք իմ գրծընկերներից շատերը վեթինգը բառացի թարգմանում են որպես զտում։

Այս առումով կարծում եմ տառացի մեկնաբանությունը ավելորդ իմաստային շփոթ է առաջացնում, վեթինգը գնահատման գործընթաց է։ Գնահատում, որը մարդու իրավունքերի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ։

Շատ հաճախ իմ գործընկերները օրինակ են բերում արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ վեթինգ բառը չեն կիրառում, լյուստրացիան են կիրառում,որը վեթինգի շատ ավելի խիստ դրսևորումն է և այսօր չի խրախուսվում էդ տերմինի կիրառումն ու օգտագործումը, նշում են, որ ոչ մի դրական օրինակ չկա։ Շատ երկրների փորձով չկա։

Ինչու՞, որովհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ունի վեցերորդ հոդված, որը կոչվում է արդար դատաքննության իրավունք։ Արդար դատաքննության իրավունքը յուրաքանչյուրիս իրավունքն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացի միջով ենք մենք անցնում, և այս առումով վեթինգի գործընթացը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռությունը իրավունքների տեսանկյունից այն հանրային պաշտոն զբաղեցնող անձի, ով անցնում է այս գործընթացը և հասարակության միջև, ով ակնկալիք ունի այս գործընթացից, և որևէ դեպքում որևէ նվաստացուցիչ գործընթաց սա չի ենթադրում։

Ողջամիտ գնահատումը չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել, չի կարող լինել զտում, չի կարող լինել ֆիլտրում, գնահատում է։

x