«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին: Այսօր նշանակված էր դատական նիստ, որը, սակայն, հետաձգվեց:

Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

Նման պայմաններում պետք է ի կատար ածվի վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի, փաստորեն, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:

x