Արամ Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել․ նախարար |24news.am|

24news.am: ՀՀ կրության և գիտության նախարար Արայիկ Հարությանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանի պետական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել։

«Ցանկացած ղեկավար, հատկապես մեծ հիմնարկի ղեկավար, ժամանակից շուտ հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների ու անհաջողությունների մասին, որ ինքն է ունեցել, այլ ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել։ Կարծում եմ, որ արժանապատիվ հեռանալը շատ լավ բան է», - ասել է Արայիկ Հարությանյանն՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հրաժարականին։

Նրա խոսքով՝ Արամ Սիմոնյանի այդպիսի գործելաոճ չի նկատվել։

«Ցավում եմ, որ նա այդ որոշումը շուտ չընդունեց և ԵՊՀ-ն ևս մի քանի տարով հետ գցեց։ Այն հետընթացը, որ կար Երևանի պետական համալսարանում ակներև է, և կարծում եմ, որ մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որ գոնե հիմա հրաժարական տվեց։ Ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել», - նշել է Կրթության և գիտության նախարարը։

Ըստ Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ ռեկտորի թեկնածուի հարցը դեռևս չեն քննարկել։

x