Սյունիքի նախկին մարզպետը դատի է տալիս Իոաննիսյանին և մի քանի լրատվամիջոցի |civilnet.am|

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, «Սյունյաց աշխարհ» և «Արմդեյ» լրատվականներին՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար։ Հայցվորը «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակից՝ Fip.am-ից պահանջում է 2 միլիոն դրամի փոխհատուցում։ 

Վահե Հակոբյանը հերքման տեքստում առաջարկում է նաև ներողություն խնդրել իրենից։

Fip.am-ը 2018թ․ հոկտեմբերի 23-ին գրել էր, որ նախկին մարզպետը ստեղծել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը, որի միջոցները գոյացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նվիրատվություններից։ Ըստ աղբյուրի՝ այդ միջոցներն ուղղվել են Վահե Հակոբյանի ու նրա կնոջ հետ փոխկապակցված կազմակերպություններին ու ընկերություններին։ Հակոբյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, աշխատել է նաև կոմբինատի հիմնական բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությունում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանը մարտի 15-ին որոշել է հայցը հետ վերադարձնել Վահե Հակոբյանին։ Մասնավորապես, նշվել է, որ հայցադիմումին կից ներկայացվում են պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, լրատվական միջոցների հրապարակումների արտատպված պատճենները, մինչդեռ վերոնշյալ փաստաթղթերը հայցադիմումին կից դատարանին չեն ներկայացվել:

Այս հիմքով էլ հայցը վերադարձվել է հայցվորին։ Նրան տրվել է երեք օր ժամանակ թերությունները վերացվելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Սիվիլնեթին տեղեկացրեց, որ բացի վերը նշվածից, նախկին մարզպետը մոտ երկու շաբաթ մեկ այլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իոաննիսյանի։ Փետրվարի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի մեքենայի հրկիզումից հետո Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հույս հայտնելով, որ թերթի հիմնական «թշնամի» Վահե Հակոբյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմ ընկերներ լինելու հանգամանքը քննությանը չի խանգարի։ Այս դեպքում պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար Վահե Հակոբյանը Իոաննիսյանից պահանջել է 1 միլիոն դրամ և դատարանից պահանջել է Իոաննիսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից։

civilnet.am

x