ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին:

Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: Համագործակցության շրջանակներում ոստիկանների համար ԱՄՆ համապատասխան փորձագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են տարբեր թեմաներով սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ:

Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ սերտ համագործակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև կզարգանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
Լին Թրեյսին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության աշխատանքը:

Դեսպանը նշեց, որ ուրախ էր հանդիպել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և քննության առնել, թե ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է աջակցել Հայաստանի ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերին՝ նպաստելով երկրի ժողովրդին ծառայելու մշակույթի խորացմանը:
Խոսվեց Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման, ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման, ինչպես և համագործակցության խորացման հարցերի մասին:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ ոստիկանություն

x