«Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները. Լենա Նազարյան

Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին։

Խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց ունեցա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Գյումրիի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ: Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ:

Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել: Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների սահմանափակ իրավունքների մասին: Նշված պետական կառույցների պատասխանատուները կհետևեն գործընթացին, որպեսզի պատշաճ իրավական խորհրդատվություն տրամադրվի աշխատողներին: Անպայման՝ կտեղեկանամ:
Նման դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ բուն աշխատանքային իրավունքներով զբաղվող տեսչության ու ուժեղ արհմիությունների գոյությունը հրատապ է»:

x