Օպերատիվ ծառայող ունենք, որ բացի աշխատավարձից, մեկ ամսում իր 1,6 մլն դրամ պարգեւավճար է ստացել. Օսիպյան |news.am|

news.am: Ծանր, առանձնապես ծանր հանցատեսակներ կան, որոնց բացահայտման դեպքում տրվում է լրացուցիչ, հավելյալ պարգեւավճար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով, ոստիկանությունում օպերատիվ ծառայող կա, որ բացի աշխատավարձից, մեկ ամսվա կտրվածքով իր բացահայտումներով վաստակել է 1,6 մլն դրամ. «Դրան գումարվում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձը, եւ մոտ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել»,-ասաց Օսիպյանը:

Նա նշեց, որ 8-ժամյա աշխատանքից դուրս աշխատելու համար հավելավճար ոչ բոլորն են ստանում. «Ծառայող կա տուն ես ուղարկում՝ չի գնում: Ինքն իր նախաձեռնությամբ մնում եւ ծառայում է հանուն Հայաստանի Հանրապետության»:

Օսիպյանը համաձայնեց տեսակետին, որ օպերատիվ աշխատակիցների աշխատավարձը բարձրանա. «Բայց մենք մոտիվացրել ենք, բոլոր պայմանները ստեղծել ենք: Եթե օպերատիվ աշխատակիցնը օպերատիվ տեղեկություններ բերի, ես սիրով այդ անձին կպարգեւատրեմ: Ապրիլից այս կողմ արդեն 108 ծառայող այս ձեւաչափով պարգեւատրվել է»,-ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ նույն ծառայողը օրական կարող է մի քանի անգամ պարգեւատրվել, սահմանափակում չկա:

«Անգամ կին ծառայող է եղել, որ հետախուզական տեղեկություն է բերել, խրախուսել ենք»,-ասաց նա:

x