Արդարադատության նախարարը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. նախարարությունից հերքում են

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ 

««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության համագործակցությանը «Կոնցեռն դիալոգ»-ի հետ, տեղեկացնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են` տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը:

Համապատասխանաբար, Արդարադատության նախարարի կողմից կայացված հրամանով հաստատվում է կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգ, որով կարգավորվում են մրցութային եղանակով փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության ընտրության գործընթացի կազմակերպման, դրա արդյունքներն ամփոփելու և նախընտրելի թեկնածուի հետ գնման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

Այդ կարգի համաձայն ձևավորվում է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է իրավաբանական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության ընտրություն: 2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գործերով որպես ներկայացուցիչ ընտրվել են միջազգային ընկերություններ: Այդ գործերից միայն մեկով է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում տեղական ենթախորհրդատու: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է հանդիսանում միջազգային ընկերությունը, իսկ տեղական ենթախորհրդատուները ներկայացվում են վերջիններիս առաջարկով:

Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Կորսան կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է ''Lalive'' միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին»:

 

x