Թբիլիսիում ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի պահանջը չկատարելու համար. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ կապի մեջ է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։

Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Գործընկերոջիցս տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։

Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք։

Շնորհակալ եմ գործընկերոջիցս համագործակցության ու արդյունավետ համատեղ աշխատանքի հանար։

Վրաստանի մեր բարեկամներին մաղթում եմ երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում»։

x