Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանական խմբի անդամները և ընտանիքին անդամները չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանի որոշման հրապարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

«Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները և ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։

Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում», նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

x