Նախարարը բացատրել է, թե ինչպես է բռնագանձվելու անօրինական գույքը |lragir.am|

lragir.am։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանց մեղադրական դատավաճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը։ Նա նշեց, որ նախագիծը արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է։ ՀՀ կառավարությունը սպապսում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին։

Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը։
«Ծիծաղելի է, և առհասարակ այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, ևս զավեշտների շարքից է։ Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռքբերող չտուժի։ Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռքբերողից չի բռնագանձվի։

Հարցին, թե ինչպես է ի վերջո ապացուցվելու՝ մարդն անօրինական է ձեռք բերել գույքը, թե ոչ, նախարարը պատասխանեց, որ այդ մեխանիզմները դրված են օրենքում։

Հարցին, թե դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինական է, թե ոչ, Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում։

«Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։

Արդարադատության նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ։ Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։

«Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»,- հավելեց նա։

x