Հայաստանը շրջապատող չորս երկրներից երեքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք բոլոր հնարավորներից ամենավատթարագույնն են․ Ռուբեն Մեհրաբյան

Տարածաշրջանային լարվածության, հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել ենք քաղաքական վերլուծաբան,  ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Պրն Մեհրաբյան, ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա։

Հայաստանը շրջապատող չորս երկրներից երեքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք բոլոր հնարավորներից ամենավատթարագույնն են, որ կարող էին տեղի ունենալ։ Եվ ամենագլխավոր խնդիրն այստեղ այն է, որ դրանք տեղի են ունենում միաժամանակ։ Մասնավորապես՝ վրաց-ռուսական լարված հարաբերությունները, ԱՄՆ-Իրան հարաբերությունները, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ևս լրջագույն ճգնաժամ է հասունանում։Մի քանի տասնամյակ տևած դաշնակցային հարաբերություններում այս ճաքերը թուլացնում են ԱՄՆ-ի զսպող դերը Թուրքիայի նկատմամբ։

Այդ իմաստով՝ Թուրքիայի և Ռուսաստանի ամրացող կապերը ամենևին չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Այդ ամենը համընկնում են իրար հետ ժամանակային առումով։ Սա ամենավտանգավոր դասավորումն է, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի շուրջ։

Այս տեսակ անկանխատեսելի և բարդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի քայլերը։

Անշուշտ տեղի ունեցողը խիստ մտահոգիչ է։ Հայաստանի խնդիրն է վնասներ չկրել։ Անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին` կարող ենք նկատել, որ Ռուսաստանը կարծես սպասում էր, որ դեպքերը հենց այդպես էլ զարգանան, որպեսզի հարվածեն Վրաստանի ամենացավոտ տեղերին։ Այդ իմաստով հակված չեմ վրացական հասարակության այս բուռն արձագանքը ինչ-որ զուտ միայն էմոցիոնալ դիտարկել։ Ես կարծում եմ, որ սա շատ ադեկվատ էր։

Ընդ որում՝ այդ բողոքի հասցեատերերի առումով, զանգվածայնության առումով։ Արդյունքը մեծ լարվածություն է, որի ելքերը պարզ չեն։ Սա հաշվարկելի վնաս է հասցնելու Հայաստանին։ Այս իրավիճակում հնարավոր է ամեն ինչ։ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ պահպանի հակամարտող կողմերից երկուսի հետ էլ։ Նույն քաղաքականությունը պետք է վարի նաև ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների համատեքստում։


Հայաստանն արդյո՞ք կարող է «ընդմիշտ» պահել բալանսը տարբեր ուժերի հետ հարաբերություններում, թե՞ կարելի է նոր դիրքավորում ընդունել։

Միջազգային հարաբերություններում ներկայիս դասավորությունը խիստ անբարենպաստ է կտրուկ շարժումների համար։ Հայաստանը կարողացել է և կարողանում է պահել այդ բալանսը որքան հնարավոր է։ Հիմա Հայաստանը պետք է անի անհնարը, որ կարողանա շարունակել պահել այդ բալանսը։

ՀՀ-ն պետք է բավականին ակտիվ, բազմավեկտոր և նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի և դրանով հավասարակշռի իր դիրքերը միջազգային հարաբերություններում։ Դրա ռեսուրսը հայկական կողմն ունի, պարզապես պետք է ավելի ավելացնել ակտիվությունը և քայլեր կատարել՝ միտված կոնկրետ արդյունքների։


Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի՝ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը։ Նա ավելի ուշ պարզաբանել էր, որ ինքը դեմ չի քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության վերադարձին, նշելով, որ իր քվեն դեմ է համարվել տեխնիկական պատճառներով։ Հատկանշական է, որ քվեարկությանը հայկական պատվիրակության «Իմ Քայլը» խմբակցությունից չէին մասնակցել Հովհաննես Իգիթյանը, Սոս Ավետիսյանը և Տաթևիկ Հայրապետյանը։

Ես այնուամենայնիվ հակված եմ նրան, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկության խնդիրը զուտ տեխնիկական էր։ Համենայն դեպս ես հակառակի ապացույցը չունեմ, և ոչ մեկ չունի, մնացածն արդեն ենթադրություններ են։ Ռուբինյանը պատշաճ բացատրությունը տվել է, այդ բացատրությունը կարծես ընդունվել է։ Հետևապես ստացվում է, որ հայկական պատվիրակության կեսն է քվեարկել Ռուսաստանի վերադարձի օգտին։

Սա Եվրամիության քաղաքական էլիտայի մեծամասնության որոշումն էր։ Եթե եվրոպացիների համար խնդիր չէ Ռուսաստանի պատվիրակության վերադարձը համաժողովի աշխատանքներին, ապա ինչ պետք է աներ Հայաստանը։ Հայաստանը դրան դեմ չի գնա, քանի որ դա վնաս է բերելու Հայաստանին։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը ադեկվատ է արձագանքել և կատարել է իրավիճակից բխող քայլեր։


Վերջերս ակտիվացել են հայ-չինական հարաբերությունները։ Կարծիքներ կան, որ Սանկտ-Պետերբուրգում տնտեսական ֆորումի ժամանակ Հայաստանին առանձնահատուկ կարևորություն է տրվել Չինաստանի և Ռուսաստանի կողմից։ Հաշվի առնելով նաև ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակամարտությունը՝ ինչպիսին պետք է լինեն մեր քայլերը։

Այստեղ տեսնում ենք այն, որ երկու պետություններն էլ կարևորում են Հայաստանի դերը։ Այդ իմաստով այն ուշադրությունը, որը մենք տեսանք ՀՀ վարչապետի նկատմամբ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ, դրա դրսևորումն է։ Ռուսաստանի համար ՀՀ-ն ունի առանցքային կարևորություն, չնայած շատ ենք տեսնում, որ բազմաթիվ հարցերում Ռուսաստանը վարում է երկակի խաղ։ Բայց, այունամենայնիվ, Հայաստանի կարևորությունը չի փոքրացել Ռուսաստանի համար։

Մյուս կողմից տեսնում ենք Չինաստանի մեծագույն ուշադրությունը Հայաստանի հանդեպ։ Չմոռանանք, որ բառացիորեն վերջերս Ուֆայում տեղի ունեցավ միջազգային հանդիպում՝ անվտանգության ոլորտի բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ ժամանակ Չինաստանի համապատասխան ներկայացուցիչը հայտարարեց, որ Չինաստանը, ի թիվս մի քանի երկրների, պատրաստվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի պաշտպանության ուղղությամբ։Այսինքն՝ մեծ ուշադրություն կա Չինաստանի կողմից։

Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն է կարևոր քայլեր անում, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները դուրս գան մեռյալ կետից։ Հայկական կողմը պետք է ևս ադեկվատ լինի այս բոլոր ազդակներին և պատշաճ վարք դրսևորի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերութոյւնները ներդաշնակեցնելու համար։ Սա քաղաքականություն է, որը բխում է բացառապես ՀՀ անվտանգության շահերից՝ այս անկանխատեսելի դարձող աշխարհում։

 Աստղիկ Գաուդյան

x