Երեւանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումը մեծ քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում. Նատալյա Վուտովա |news.am|

news.am։ Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումը մեծ քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում: Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթում ասաց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նրա խոսքով՝ ընկալումը, թե տղամարդիկ պետք է ամեն ինչում առաջնորդ լինեն, իսկ կանայք հասարակության մեջ միայն պասիվ դերում լինեն, լայնորեն տարածված է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Վուտովան հավելեց, որ ԵՄ-ն համապատասխան մեխանիզմներ եւ գործիքներ է ստեղծել ընդդեմ ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության:

«Կանանց դերի մեծացումը բխում է ամբողջ հասարակության շահերից: Ուրախ եմ նշել Հայաստանի իշխանությունների լայն ներգրավվածությունը համապատասխան դրույթների մշակմանը՝ հաշվի առնելով բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքի կարեւորությունը, ինչը խոսում է քաղաքական կամքի առկայության մասին»,- պարզաբանեց նա:

Վուտովան ընդգծեց, որ այն ընկալումը, թե «տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ պարանոցը» հանրության շրջանում պետք է վերափոխվի նրան, որ նաեւ «կինը կարող է գլուխ լինել»:
Նշենք, որ հուլիսի 3-ին Երեւանում Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկը:

x