Բռնության մասին չխոսելը չի կարող կանխել բռնությունը․ պատգամավոր Սարգիս Խանդանյան

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բռնության որևէ ձև հանդուրժելի չի կարող լինել հանրության համար։ Բռնության մասին չխոսելը չի կարող կանխել բռնությունը։

Կարդում եմ #բռնության_ձայնը գլխագրով պատմությունները, ու մի պահ ուզում եմ հավատալ, որ գեղարվեստական գրականությունից պատառիկներ են, որ այս դեպքերն իրական լինել չեն կարող, բայց, ավաղ, այս պատմությունները տեղի են ունեցել ու ունենում մեր կողքին, մեր համայնքներում, մեզ մոտիկ ու հեռու ընտանիքներում։

Վստահ չեմ, որ սեռական ու ընտանեկան բռնությունը դատապարտող կոչերը միայն կարող են զսպել բռնարարներին կամ փարատել բռնության զոհերի վախերը, և որ միայն բարձրաձայնելով կարող ենք լուծել այս խնդիրները։ Բայց բարձրաձայնելը, խոսելը գործի կեսն է, որին զուգահեռ մենք շատ գործ ունենք անելու.

- Մեր օրենսդրական բազան այս հարցում կատարյալ չէ, ու մենք՝ օրենսդիրներս կառավարության հետ պիտի հստակեցնենք իրավակարգավորումները։

- Իրավապահ և արդարադատության մարմինների զգայունությունն այս հարցերում հեռու է կատարյալից։

- Ամենակարևորը՝ կրթության համակարգն այս խնդիրներին դեռևս շատ հպանցիկ է անդրադառնում։

- Տեղեկատվական դաշտի թերությունները խնդիրը լուսաբանելիս հաճախ ավելի վտանգավոր են դարձնում հանրության համար, քան բուն բռնությունը։

Մենք, ի վերջո, պիտի համաձայնության գանք որպես հանրություն, որ այս խնդիրն առկա է մեր երկրում, ու օր առաջ աշխատենք վերը թվարկված ուղղություններով։

Այս պատմությունները չեն կարող դառնալ վիճակագրություն, այս պատմություններից ամեն մեկի հետևում ճակատագրեր են, և յուրաքանչյուր այսպիսի դեպքի առկայությունը խաթարում է հանրային վստահությունն ու հասարակության յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը։»

x