Սահմանադրության օրը նշվելու է երաժշտական փառատոնի մեկնարկով ու ավանդական քայլերթով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ հուլիսի 4-ին առաջին անգամ Երևանում` Ստեփան Շահումյանի անվան հրապարակում, անցկացվելու է «Tricolor» Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշտների բացօթյա փառատոնը, որն իր շուրջ է համախմբելու ստեղծագործողների տարբեր երկրներից: Հուլիսի 5-ին մայրաքաղաքում նախատեսվում է տոնական քայլերթ:

Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Նա շեշտեց, որ մինչ փառատոնի մեկնարկը հանրությունը կարող է վայելել փողոցային երաժիշտների ելույթները քաղաքի կենտրոնում և մետրոպոլիտենի կայարաններում։
«Հիմնական միջոցառումը, որը երկար տարիներ իրականացվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տոնական քայլերթն է, որին մասնակցում են երեխաներ, պատանիներ, երիտասարդներ:

Մենք բոլորին տրամադրում ենք եռագույն շապիկներ, դրոշներ: Երթի ընթացքում մասնակիցները երգում են մեր օրհներգը, հայրենասիրական մի շարք գործեր, ծածանում են մեր եռագույնը՝ զգալով միասնականության ուժը: Այդ նախաձեռնության հիմնական նպատակը մարդկանց մեր պետական խորհրդանշանների շուրջ համախմբելն է, դրանք վերարժևորելն ու վերաիմաստավորելը»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` հուլիսի 5-ի քայլերթը մեկնարկելու է Ազատության հրապարակում։ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում համերգային ծրագիր է իրականացվելու:

x