Քաղաքային իշխանությունները 500 մլն կծախսեն քաղաքացիների առաջարկներն իրականացնելու համար |pastinfo.am|

pastinfo.am: Մեկնարկել է ActiveCitizen էլեկտրոնային կայքի շնորհանդեսը։ Կայքը գործարկում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

Սա քաղաքապետարանի նոր էլեկտրոնային հարթակն է, որում քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերն այն մասին, թե ինչպիսին կուզեն տեսնել Երևանը, ինչ կուզեն, որ ստեղծվի։ Ներկայացված առաջարկների իրագործման համար այս տարի Երևանի բյուջեից հատկացվելու է 500 մլն դրամ։

Յուրաքանչյուր ծրագրի մաքսիմալ արժեքը 30 միլիոն դրամ է։ Նախաձեռնողները նշում են, որ սա պիլոտային ծրագիր է, եւ իրենք նպատակ ունեն ավելացնել հատկացվող գումարը. «Կայքի գրանցումն իրականացվում է միայն ID քարտով կամ անձնագրով եւ սոցքարտով։ Մենք կապի մեջ ենք անձնագրային շտեմարանի հետ, այսինքն՝ անհնար կլինի առանց անձնագրային տվյալների կամ սխալ տվյալներով գրանցվել եւ ֆեյք էջեր ստեղծել»,- նշում են կազմակերպիչները։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ կայքում տեղադրվելու է քվեարկության հնարավորություն, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք, իրավունք են ունենալու նաեւ քվեարկելու կայքում ներկայացված ծրագրերին. «Ծրագրեր ներկայացնելու ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ն է։ Դրանից հետո մինչև նոյեմբերի 10-ը կլինի քվեարկություն»,-ասում է փոխքաղաքապետը։

Հավելենք, որ եթե ներկայացված ծրագրի համար հարմար տարածքը Երեւանին չպատկանի, ապա ծրագիր ներկայացնող քաղաքացին այդ մասին կտեղեկացվի։

x